top of page

ՀԽՍՀ պետբանկի կողոպուտը

1977 թվականին կատարված ԽՍՀ Պետական բանկի կողոպուտը համարվում է խորհրդային պատմության ամենահամարձակ և ամենահայտնի հանցագործություններից մեկը։ Այս հանցագործությունը, որը իրականացրել էին զարմիկներ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանները, ավարտվեց 1,5 միլիոն խորհրդային ռուբլու գողությամբ՝ այն ժամանակվա փոխարժեքով մոտավորապես երկու միլիոն ԱՄՆ դոլար։ Սա ոչ միայն Խորհրդային Միության պատմության մեջ պետական հաստատությունից կատարված ամենախոշոր գողությունն էր, այլև մի դեպք էր, որը իր բարձր ռիսկայնությամբ, հանդգնությամբ և հնարամտությամբ ցնցեց ողջ Խորհրդային Միությունը։

Նիկոլայ Կալաչյանը ծնվել է 1951 թվականին՝ Կրասնոյարսկի երկրամասի Բորոդինո քաղաքում և ունեցել է դժվար մանկություն։ Հիվանդ հոր անաշխատունակության պատճառով նրանց ընտանիքը հասել  էր ծայրահեղ աղքատության։ Չդիմանալով դժվար պայմաններին, դեռ մանուկ հասակում Նիկոլայը փախչում է տնից՝ միանալով գնչուական խմբին, զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և աշխատում է որպես հավաքարար։ Ստանալով միայն տարրական կրթություն, և վերջապես խառատագործի մասնագիտություն՝ նա, այնուամենայնիվ, բռնում է հանցավոր ուղի։ Նրա առաջին հաջողված գողությունը եղել է խնայդրամարկղի թալանը՝ պատում անցք բացելու միջոցով։ Այդ հանցագործությունը չբացահայտվեց, իսկ գողացված գումարը շուտով վատնվեց։ Հաջող թալանի ոճը նա դեռ կօգտագործի հետագայում։



Եղբայրներ Ֆելիքս և Նիկոլայ Կալաչյանները


Ֆելիքս Կալաչյանը ծնվել է Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվում է Լենինական (ներկայիս Գյումրի), որտեղ ամուսնանում է և դառնում երկու երեխաների հայր։ Աշխատելով որպես հավաքարար՝ Ֆելիքսը դժվարությամբ էր կարողանում պահել ընտանիքը։ Չնայած համեստ աշխատանքին՝ նա ուներ հիանալի ֆիզիկական պատրաստություն, զբաղվել էր մարմնամարզությամբ և ուներ սպորտի վարպետի թեկնածուի կոչում։ Օրերից մի օր, Նիկոլայը համոզում է Ֆելիքսին կատարել գողություն, և միասին պատի մեջ անցք բացելով ու ներս մտնելով նրանք թալանում են էլեկտրոնիկայի խանութ։ Գողացված ապրանքը վաճառում են 15,000 ռուբլով, որի մի մասը Ֆելիքսը ուղարկում է ընտանիքին, իսկ մնացածը մսխում են Մոսկվայում։

Հատկանշական է, որ խանութի տնօրենը, որտեղից Կալաչյանները գողացել էին մագնիտոֆոնները, չի դիմում ոստիկանություն, և եղբայրները խուսափում են պատասխանատվությունից։ Հետագայում Նիկոլայը կասի, որ տնօրենի լռությունը բացատրվում էր նրանով, որ գողացված ապրանքը հաշվառումից դուրս էր և նախատեսված էր ապօրինի վաճառքի համար։



ԽՍՀՄ Պետական բանկի Երևանի մասնաճյուղը


Նրանց հաջորդ թիրախը շատ ավելի հավակնոտ էր՝ Հայկական ԽՍՀ Պետական բանկը Երևանում։ Նիկոլայի ծրագիրը հիմնված էր ներսից ստացված տեղեկության վրա, որը փոխանցել էր բանկի աշխատակից և նրանց մերձավոր ծանոթ Զավեն Բաղդասարյանը, ով պարբերական ստուգումների ժամանակ մուտք ուներ պահոց։

Զավենը, լինելով Երևանի մասնաճյուղում պահվող գումարի վերահաշվարկի հանձնաժողովի անդամ, մեծապես տպավորվել էր պահոցում տեսած հսկայական գումարներից։ Նա Կալաչյան եղբայրներին տեղեկացնում է, որ այնտեղ պահվում է մոտ 100 միլիոն ռուբլի և առաջարկում է համարձակ ծրագիր՝ գողանալ այդ գումարը։

Բաղդասարյանը մանրամասն նկարագրում է իրավիճակը․ կանխիկ գումարը դասավորված էր մի քանի դարակների վրա՝ երկրորդ հարկի փոքր սենյակում։ Բանկի շենք էր հանդիսանում 1930-ականներին կառուցված եռահարկ շինությունը, որը կառուցվել էր կալանավորների կողմից՝ տուֆ քարից, որը բավականին փխրուն արգելք էր քանդողի համար։ Այս հանգամանքը դարձնում էր թալանը իրատեսական։ Սկզբում եղբայրները երկմտում էին՝ համարելով ռիսկը չափազանց մեծ, սակայն երեք ամիս անց որոշեցին գործել։ Գործողությունը, որը պետք է իրականացներ ֆիզիկապես լավ զարգացած և ճարպիկ Ֆելիքսը, պահանջեց ևս մի քանի ամսվա մանրակրկիտ պատրաստություն։ Բաղդասարյանը նույնիսկ գծեց բանկի մանրամասն հատակագիծը՝ նշելով պահակների հնարավոր գտնվելու վայրերը և ազդանշանային համակարգերի տեղը։ 



Բանկի բաց պատուհանը, որով ներս մտավ Ֆելիքսը


Նիկոլայը, ձևանալով որպես նկարիչ, սկսեց հաճախել բանկի հարակից փողոցներ՝ ուսումնասիրելով ամեն մանրուք։ Նա նկատեց, որ բանկի առաջին հարկում նաև ոստիկանության կետ է գործում, սակայն հանգստյան օրերին այնտեղ հերթապահում էին ընդամենը մի քանի աշխատակիցներ։ Որոշվեց գողությունը իրականացնել ամռանը՝ հանգստյան օրերին։

Դե իսկ առաջին հայացքից լիովին սովորական առարկա հանդիսացող անձրևանոցը, վճռորոշ դեր պետք է կատարեր նրանց ծրագրում։ Նիկոլայի մտահղացմամբ Ֆելիքսը պետք է նախ հատակում փոքր անցք բացեր, այնտեղ մտցներ անձրևանոցը, բացեր այն և շարունակեր աշխատանքը։ Այս հնարքը թույլ էր տալու հավաքել ընկնող քարերը անձրևանոցի մեջ, դրանով իսկ կանգնեցնելով քարերի անկումը հատակին և ազատվելով աղմուկից։

Սակայն, գողությունից առաջ Նիկոլայը ավտովթարի է ենթարկվում և հայտնվում հիվանդանոցում։ Չնայած այդ հարվածին՝ նա չհրաժարվեց իր ծրագրից։ Ֆելիքսի հետ խորհրդակցելուց հետո Նիկոլայը որոշում է շարունակել գործողությունը և հիմա արդեն համակարգում էր կողոպուտը հենց հիվանդասենյակից։



Ֆելիքս Կալաչյանի օգտագործած հորատիչը


1977 թվականի օգոստոսի 5-ի երեկոյան Ֆելիքսը ուսապարկն է լցնում բոլոր անհրաժեշտ գործիքները՝ ձեռքի հորատիչ, պարան, մուրճ, սղոց, լամպ, անձրևանոց և մտնում է պետբանկի հետ ընդհանուր պատ ունեցող բնակելի շենք և սկսում է աշխատել։

Նա ամբողջ գիշեր փորձում է պատը ծակել, բայց այդպես էլ հաջողության չի հասնում։ Հաջորդ օրը վերադառնում է և նոր ծրագիր կազմում։

Նա նկատում է, որ բանկի երրորդ հարկի սենյակի պատուհանը պաշտպանված չէր ճաղերով։ Վերանորոգման պատճառով այն ծածկված էր միայն պոլիէթիլենային թաղանթով։ Ֆելիքսը վճռեց դիմել հուսահատ քայլի․ հարևան շենքի տանիքից թռավ և հրաշքով հայտնվեց հենց այդ սենյակում։ Մեկ հարկ ներքև գտնվում էր պահոցը։

Երկրորդ փուլը անցնում է սահուն։ Նա հատակում բացում է 34 սմ տրամագծով անցք, պարանով իջնում է պահոց և վերցնում երկու պարկ գումար՝ ընդհանուր 1.5 միլիոն ռուբլի։ 32 կգ կշռող գումարը տեղավորում է ուսապարկում և նույն ճանապարհով հեռանում՝ առանց նկատվելու։




34 սմ տրամագծով անցքը հատակում


Ֆելիքսը առաջին հերթին գնում է հիվանդանոց՝ Նիկոլայի մոտ։ Վերջինս նույն օրը դուրս է գրվում, և նրանք թաքցնում են գումարը վարձակալած բնակարանում։ Սակայն նկատում են կարևոր հանգամանք՝ 100-ռուբլիանոց թղթադրամների մեծ մասը նույն «АИ» սերիայից էիր։ Նիկոլայը արգելում է դրանք օգտագործել։ Քննիչները շատ արագ պարզում են ներխուժման եղանակը, բայց հետաքննությունը փակուղի է մտնում։

 


Ֆելիքս Կալաչյանը քննության ժամանակ ցույց է տալիս ինչպես է ներս մտել


Խորհրդային Միության ղեկավար Լեոնիդ Բրեժնևը անձամբ է հետաքրքրվում գործով և հրահանգում է հետևել «АИ» սերիայի թղթադրամներին ամբողջ երկրով մեկ։

Կալաչյանները մեկնում են Մոսկվա։ Նրանք արագ ծախսում են մանր գումարները և որոշում 100 ռուբլիանոցները փոխանակել պետական պարտատոմսերով։ Այդ գործը վստահում են Վլադիմիր Կուզնեցովին՝ տաքսու վարորդի, ով չգիտեր գումարի իրական ծագման մասին։

Սակայն հենց այդ թղթադրամներն էլ նրանց մատնեցին։ Կուզնեցովը փորձում է գնել պարտատոմսեր, և կասկածելի գործարքից հետո ոստիկանությունը դուրս է գալիս նրանց հետքին։

 


Նիկոլայ Կալաչյանը քննության ժամանակ


Այնտեղ Նիկոլայը ծանոթանում է Լյուդմիլա Վիկտորովնա Աքսյոնովայի հետ, որի եղբայրը՝ Վլադիմիր Կուզնեցովը, տաքսու վարորդ էր։ Վլադիմիրը, ոչինչ չկասկածելով, ներգրավվում է նրանց ծրագրում․ նրան հանձնարարվում է գողացված 100-ռուբլիանոցներով պետական պարտատոմսեր գնել։ Կասկած չառաջացնելու համար Նիկոլայը պնդում է, թե այդ պարտատոմսերը անհրաժեշտ են Լյուդմիլայի հետ շքեղ հարսանիք կազմակերպելու համար։ Վլադիմիրը, ոչինչ չիմանալով կողոպուտի մասին, համաձայնում է օգնել։

Սակայն գողացված գումարը ուներ լուրջ թերություն․ 100-ռուբլիանոց թղթադրամների մեծ մասը պատկանում էր նույն «АИ» սերիային։ Խորհրդային իշխանությունները ամբողջ երկրով մեկ նախազգուշացում են խնայբանկերին՝ պարտավորեցնելով աշխատակիցներին հայտնել նման թղթադրամներով կատարվող ցանկացած գործարքի մասին։

Կուզնեցովը Տաշքենդ կատարած մի քանի ուղևորությունների ընթացքում գնում է պարտատոմսերի առաջին խմբաքանակը՝ ծախսելով մոտ 24 հազար ռուբլի։ Հանցագործների բախտը բերում է․ Վլադիմիրը բախվում է անուշադիր խնայբանկի աշխատակիցների, ինչի պատճառով քննիչները անմիջապես չեն իմանում, որ «АИ» սերիայի թղթադրամները հայտնվում են Ուզբեկական ԽՍՀ-ում։

Մինչ քննիչները հասնում են Տաշքենդ, Կուզնեցովը արդեն լքում է երկիրը։ Այդ ընթացքում Կալաչյան եղբայրները որոշում են տեղափոխվել Սոչի։ Նիկոլայը Մոսկվայի Հարավային գետային նավահանգստի մոտ գտնվող շուկայում 13,000 ռուբլով գնում է օգտագործված կանաչ «Ժիգուլի» (ըստ որոշ աղբյուրների՝ «Մոսկվիչ») և այն գրանցում է Լյուդմիլայի անունով՝ քողարկումը պահպանելու համար։

Վլադիմիրի ձախողումը վրա է հասնում այն պահին, երբ նա փորձում է Մոսկվայի խնայբանկերից մեկում 6,000 ռուբլու պարտատոմսեր գնել։ Գանձապահը, ինչ որ բան կասկածելով, ձևացնում է, թե գնում է պահոցից լրացուցիչ պարտատոմսեր բերելու, սակայն իրականում դիմում է ոստիկանություն։ Վլադիմիրը խուճապահար փախչում է, բայց գանձապահը արդեն հասցնում է գրանցել նրա արտաքին տվյալները և կանաչ մեքենայի պետհամարանիշը։

Ոստիկանությունը դուրս է գալիս նրանց հետքի վրա և Լենինյան պողոտայի շենքերից մեկի բնակարանում գտնում են Կալաչյան եղբայրներին։ 1978 թվականի հունիսի 7-ի գիշերը Նիկոլայը, Ֆելիքսը և Վլադիմիրը ձերբակալվում են։

Երևանի բանկից գողացված գումարից ավելի քան 800 հազար ռուբլին հայտնաբերվում է մեքենայի պահուստային անիվի մեջ։ Մնացած 100 հազար ռուբլին հանցագործները թաղել էին Լենինականում գտնվող տան բակում։ Այդ պահին նրանք արդեն ծախսել էին մոտ 600,000 ռուբլի։

Դատավարությունը անցնում է արագ, իսկ վճիռը խիստ էր։ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանները դատապարտվում են մահապատժի, Զավեն Բաղդասարյանը՝ 11 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման, իսկ երկրորդական դեր ունեցող Վլադիմիր Կուզնեցովը ստանում է ավելի մեղմ պատիժ։ Նիկոլայի մայրը, ով հազիվ էր հաղթահարել ամուսնու մահը, որդու նկատմամբ առաջադրված մեղադրանքները լսելուց հետո ծանր հիվանդանում է և շուտով մահանում։

Սակայն, երկու երիտասարդների համար մահապատիժը, որոնցից մեկը երկու երեխաների հայր էր, չափազանց խիստ է թվում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Սարգսյանին։ Նա դիմում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ եղբայրներին ներում շնորհելու խնդրանքով, և նրա հիմնավորումները ընդունվում են։

Սակայն Կալաչյաններին փրկելու ի զորու փաստաթղթերը Երևան են հասնում ճակատագրական ուշացումով։ Երբ դրանք վերջապես հասնում են բանտ, պարզվում է, որ Ֆելիքսը և Նիկոլայը մեկ օր առաջ արդեն մահապատժի էին ենթարկվել։

2026 թվականին լույս տեսած «Զոնտիկ» գեղարվեստական ֆիլմը հիմնված է այս պատմության վրա։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանն ու Մոսո Կարապետյանը։ Ռեժիսորը Գոշ Հակոբյանն է։

Լուսանկարներ

Դիտել նաև․․․ 

How to Visit ROT54 (Aragats Scientific Center) – Full Guide

repeater image.jpg
How to Visit ROT54 (Aragats Scientific Center) – Full Guide

Shvanidzor’s 17th-Century Aqueduct: Armenia’s Ancient Engineering Marvel

repeater image.jpg
Shvanidzor’s 17th-Century Aqueduct: Armenia’s Ancient Engineering Marvel

Grigor Khanjyan’s Monumental Fresco at the Yerevan Cascade

repeater image.jpg
Grigor Khanjyan’s Monumental Fresco at the Yerevan Cascade

From Stendhal Syndrome to Suren Syndrome

repeater image.jpg
From Stendhal Syndrome to Suren Syndrome

Tirinkatar Sacred Valley: Armenia’s High-Altitude Valley of Dragon Stones

repeater image.jpg
Tirinkatar Sacred Valley: Armenia’s High-Altitude Valley of Dragon Stones

How to Choose a Local Guide in Armenia

repeater image.jpg
How to Choose a Local Guide in Armenia

Komitas Pantheon in Yerevan

repeater image.jpg
Komitas Pantheon in Yerevan

Gallery of Mineral Waters in Jermuk

repeater image.jpg
Gallery of Mineral Waters in Jermuk

Հետադարձ կապը՝ WhatsApp, Telegram կամ MAX հավելվածներով

+374 55677868

Հետևել

  • Instagram account of Armenian Explorer
  • Facebook page of Armenian Explorer
  • TikTok account of Armenian Explorer
  • Twitter account of Armenian Explorer
  • YouTube channel of Armenian Explorer
bottom of page