

Սևանի գրողների միության հանգստյան տունը
Սևանի թերակղզում ծվարած Սևանի գրողների միության հանգստյան տունը խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության վառ օրինակ է։ Շուրջ 60 տարի առաջ կառուցված ճարտարապետական այս հրաշքը մինչև օրս էլ շլացնում է իր յուրօրինակ դիզայնով և շարունակում է դեպի իրեն ձգել հետաքրքրասեր ճանապարհորդներին աշխարհի տարբեր ծագերից։ Այս հոդվածը լույս է սփռում շինության պատմության ու ներկայի վրա։
Սևանի գրողների միության հանգստյան տունը բաղկացած է երկու առանձին շենքերից՝ բնակելի մասնաշենքից և ճաշարանի շենքից, որոնք կառուցվել են խորհրդային ժամանակաշրջանում մոտ երեք տասնամյակի տարբերությամբ։ Բնակելի մասնաշենքի առաջին նախագծային գծագրերը թվագրվում են 1932 թ., իսկ արխիվային լուսանկարներն ու նյութերը վկայում են, որ շինարարությունն ավարտվել է 1935 թվականին։
Բնակելի մասնաշենքի ճարտարապետներն են Գևորգ Քոչարը (1901–1973) և Միքայել Մազմանյանը (1899–1971)։
Հատկանշական է, որ արխիվային նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Միքայել Մազմանյանի անունը նախագծի ճարտարապետական գծագրերում չի նշվում, ինչի հիման վրա կարելի է ենթադրել, որ նա մասնակցել է միայն նախագծման նախնական փուլին։ Միևնույն ժամանակ, սակայն, նրա անունը բազմաթիվ հրապարակումներում, այդ թվում՝ նրանց կյանքի ընթացքում տպագրված նյութերում, նշվում է որպես շենքի համահեղինակ։

Սևանի գրողների միության հանգստյան տունը, 1970 թ. Լուսանկարը՝ Նեմրութ Բաղդասարյանի
Բնակելի հատվածը սկզբում նախագծվել էր որպես քառահարկ կառույց։ Դրանցից առաջինը նախատեսված էր որպես նկուղային հարկ (այժմ՝ առաջին հարկ), մյուսը՝ ընդհանուր օգտագործման տարածքների համար։ Մնացած երկու հարկերը նախատեսված էին հյուրասենյակների համար՝ յուրաքանչյուր հարկում չորս սենյակ։ Յուրաքանչյուր սենյակի չափսերն էին՝ 4,3 × 2,9 մ։

Շենքի էսքիզը, 1963 թ.
Ճարտարապետ՝ Գևորգ Քոչար
Աղբյուր՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի արխիվներ, Երևան
Ցավոք, 30-ականների բռնաճնշումները չշրջանցեցին տաղանդավոր ճարտարապետներին, և 1937 թվականին Քոչարն ու Մազմանյանը ձերբակալվեցին հենց իրենց աշխատավայրում։ Նրանց մեղադրեցին լրտեսության, պետական դավաճանության և տրոցկիստ-բուխարինյան խմբի անդամ լինելու մեջ։ Ռազմական կոլեգիան նրանց դատապարտեց 15 տարվա ազատազրկման և 5 տարով զրկեց քաղաքացիական իրավունքներից։ Սա պատիժ էր, որը նրանք պետք է կրեին աշխատանքային ճամբարներում։ Բարեբախտաբար նրանք ընդամենը մեկ տարի անցկացրեցին Վոլոգդայի պատժիչ գաղութում, որտեղ տիրող անմարդկային պայմանները ողջ մնալու հնարավորություն չէին թողնում։

Գևորգ Քոչարը և Միքայել Մազմանյանը
Նրանց ճակատագիրը փոխվեց ընկերոջ՝ ճարտարապետ Կարո Հալաբյանի շնորհիվ, որը Միկոյանի միջոցով կարողացավ ապահովել նրանց տեղափոխությունը Նորիլսկ։ Այնտեղ ճարտարապետները մասնակցեցին խոշոր արդյունաբերական օբյեկտների կառուցմանը, Նորիլսկի և Դուդինկայի գլխավոր հատակագծերի մշակմանը, ինչպես նաև նախագծեցին քաղաքի կենտրոնի մի շարք նշանակալի շենքեր, այդ թվում՝ Գվարդիայի հրապարակի անսամբլը։ Նրանց անունները, սակայն, պաշտոնական փաստաթղթերում այդպես էլ չնշվեցին, քանզի պաշտոնապես նրանք բանտարկյալներ էին։
1954 թվականին Մազմանյանը ենթարկվեց համաներման։ Եվ միայն վեց տարի անց՝ 1960 թվականին, Քոչարն էլ վերադարձավ Երևան և նշանակվեց «Երևաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետ։
Վերադարձից հետո նրանք կրկին ներգրավվեցին հետստալինյան շրջանի ճարտարապետական կյանքի մեջ։
1963 թվականին Գևորգ Քոչարին հանձնարարեցին մշակել Սևանի գրողների միության հանգստյան տան վերակառուցման և ընդլայնման նախագիծը։ Վերակառուցման շրջանակներումում նա բնակելի մասնաշենքին ավելացրեց ևս մեկ հարկ և ձևավորեց նոր, լայն տեռասա, որը սկզբնական նախագծի տրամաբանական շարունակությունն էր:

Ճաշարանի շենքը այսօր
Վերակառուցման ընթացքում Քոչարը նախագծեց և կառուցեց նաև ճաշարանի շենքը։ Ոճական առումով այն հակադրվում էր բնակելի մասնաշենքին, սակայն երկուսը միասին՝ բնական լանդշաֆտի հետ համադրությամբ, ձևավորում էին ներդաշնակ համալիր՝ ներառելով նաև թերակղզու գագաթին գտնվող Սևանավանքի միջնադարյան եկեղեցիների տեսապատկերը։ Շատ շուտով ճաշարանի շենքը դարձավ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության ամենանշանավոր օրինակներից մեկը։

Ճաշասրահից բացվող տեսարանը
Շաշարանի շենքը իր կլորաձև, մեկ ոտքի վրա հենված, կարծես գրավիտացիային ձեռնոց նետող դիզայնով, հանդիսանում է ամբողջ համալիրի զարդը։ Այն ներդաշնակորեն տեղավորվում է ժայռոտ ռելիեֆի մեջ և ներսից բացում է անմոռանալի համայնապատկեր։ Ավելին՝ ամբողջ առջևի հատվածը հենված է ընդամենը մեկ բետոնե սյան վրա, ինչի շնորհիվ կառույցը ստանում է ֆուտուրիստական տեսք։ Իր առանցքի հակառակ ծայրում շենքը ամրացված է ժայռին՝ բլրի ավելի բարձր մակարդակում։
Ճաշարանի ներքին տարածքը բաժանված է երկու հիմնական մասի։ Առաջին մասը ճաշասրահն է՝ շրջանաձև հատակագծով, որը գտնվում է շենքի ճակատային հատվածում։ Ետևի մասում խոհանոցն է։ Հատակից մինչև առաստաղ ձգվող պանորամային պատուհանը, ապահովում է ելք դեպի պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Սևանա լիճ։

Բնակելի մասնաշենքը
Ցավոք, համալիրն արդեն երկար տարիներ չի վերանորոգվել, սակայն այն դեռևս աշխատում է և այցելուները կարող են իջևանել հյուրանոցում։ Միևնույն ժամանակ կարճ այցելությունը ու մի գավաթ սուրճը թույլ կտան կտրվել առօրյա հոգսերից ու զգալ խորհրդային ճարտարապետության շունչը։
Լուսանկարներ

























